Գիրքը ներկայացնում է հայ միջնադարյան գրականության երկու հիմնական ուղղությունները՝ պաշտոնական և ոչ պաշտոնական, և այն գրական ժանրերի գերակշիռ մասը, որը հովանավորվում էր հայ եկեղեցու կողմից: Ձեռնարկին կցված է «Հավելված», որում ընթերցողը կգտնի գրքի տեսական մասին վերաբերող որոշ բնագրեր: Անգլերենով ընդգրկված են մի շարք առակներ Եզոպոսից, որոնք շատ հանրահայտ են՝ կան և՛ Վարդան Այգեկցու, և՛ ֆրանսիացի առակագիր Լա Ֆոնտենի, և՛ ռուս գրող Կռիլովի մշակումներում:
Ուսումնական ձեռնարկը ընդգրկում է «Հայ ժողովրդական բանահյուսություն» շատ ընդգրկուն գիտաճյուղի միայն այն թեմաները, որոնք բուհական ծրագրով անցնում են մանկավարժական բարձրագույն դպրոցում: Այն նախատեսված է մանկավարժական բուհերի բանասիրական ֆակուլտետների ուսանողների համար: Օգտակար կարող է լինել հայոց լեզվի և հայ գրականության ուսուցիչների համար:
Դասագիրքը համապատասխանում է ներկա ժամանակի դպրոցական համակարգի փոփոխություններին, գրված է նորացված տեսական մեթոդով և հեղինակի` դպրոցում իրականացրած սեփական փորձի հիման վրա: Հաշվի են առնված մեր օրերի առաջադեմ երկրների գրականության դասավանդման մեթոդիկայի ձեռքբերումները և հայ գրականության դասավանդման մեթոդիկայի ազգային-ավանդական փորձը: Այն գործնականորեն օգտակար է բանասիրական ֆակուլտետների ուսանողների և հայ գրականության ու հայոց լեզվի ուսուցիչների համար:
Ուսումնական սույն ձեռնարկի նպատակն է բանասիրական ֆակուլտետների բակալավրիատում ուսուցանվող «Հայ գրաքննադատության պատմություն» առարկայի ծրագրային թեմաների գերակշիռ մասը ներկայացնել առանձին գրքի ձևով, որին կցված է ուսանողների կողմից պարտադիր ընթերցվելիք բնագրերի մի մասը ներկայացնող «Հավելված»: Օգտակար կարող է լինել նաև ավագ դպրոցում հայ գրականություն դասավանդող ուսուցիչների համար:
Գրքում վերլուծական-մեկնաբանական մեթոդով մատուցված են ավագ դպրոցի ծրագրում տեղ գտած հայ դասականների որոշ գործեր, որոնց նպատակն է ուսուցչի մտապաշարում զարգացնել սեփական որոնողական մեթոդները, հայ գրականության մեկնաբանություններում զուգորդել համամարդկայինն ու ազգայինը: Այս ուսումնական ձեռնարկում տարբերակված մոտեցումներ կան հայ միջնադարյան մատենագիրների, հայ ժողովրդական բանահյուսության գործերի ու նոր շրջանի հեղինակների երկերի մեկնաբանման խնդիրների վերաբերյալ: Գիրքն ունի հավելված, որում զետեղված են նշանավոր գրականագետների վերլուծական մեթոդներից առանձին հատվածներ: