«Դեպի Սվանը» ֆրանսիացի նշանավոր վիպասան Մարսել Պրուստի (1871-1922) «Կորուսյալ ժամանակը որոնելիս» վիպաշարի առաջին վեպն է: Լույս է տեսել 1913 թվականին: «Դեպի Սվանը» համադրում Է այսպես կոչված` խոստովանական վեպի և հուշագրական վեպի տարրեր, որտեղ անցյալն ու ներկան, միահյուսվելով միմյանց,բացահայտում են մարդկային մտքի զարմանալի ու անվերջ շարժումը դեպի ներս, դեպի ներաշխարհի խորքերը: Ներկան և անցյալը, խորհրդածությունն ու հիշողությունը հայտնվում են ժամանակից դուրս և միավորվում մեկ պատկերի մեջ՝ ձևաբանելով այսպես կոչված «գիտակցության հոսք»: Goodreads
Լուի Արագոնն «Ընձառյուծը» համարել է աշխարհում երբևէ գրված ամենամեծ գրքերից մեկը, շատ գրականագետների կարծիքով էլ խոսքը XX դարի լավագույն իտալական վեպի մասին է: Ինչևէ, հինավուրց ազնվական տոհմից սերող Տոմազի դի Լամպեդուզան իր մասին գրողի համարում էլ չուներ, բայց երբ նրա միակ վեպը լույս տեսավ 1958-ին՝ հեղինակի մահից հետո, պարզվեց, որ հանճարեղ գործ է: Գրքին շնորհվեց Իտալիայի ամենահեղինակավոր գրական մրցանակը՝ «Ստրեգա», իսկ մի քանի տարի անց՝ 1963-ին, Լուկինո Վիսկոնտիի համանուն էկրանացումը վեպին մեծ ճանաչում բերեց: Գործողությունը գլխավորապես ծավալվում է 1860-80-ականներին՝ ընդգրկելով Ռիսորջիմենտոյի՝ Իտալիայի ազատագրման ու միավորման շրջանը, բայց սոցիալ-հոգեբանական վեպի ժանրային շրջանակով չսահմանափակված, ներհուն իմաստությամբ լի այս խորաբովանդակ կտավում ժամանակի հոլովույթը,...
Վարպետը և Մարգարիտան» Միխայիլ Բուլգակովի վերջին ստեղծագործությունն է, որը եզրափակում է Բուլգակովի համար շատ կարևոր` արվեստագետի և իշխանության թեման: Վեպը կարծես ամփոփում է գրողի պատկերացումները կյանքի իմաստի, մարդու, նրա մահվան ու անմահության, բարի և չար սկզբունքների պայքարի մասին՝ պատմության մեջ և մարդու բարոյական աշխարհում: Վեպը գրողի կյանքի տարիներին չի հրատարակվել։ Բուլգակովը հույս չի ունեցել, որ «Վարպետը և Մարգարիտան» կհրատարակվի ԽՍՀՄ-ի օրոք, բայց նրա այրու՝ Ելենա Բուլգակովայի ջանքերով վեպի ձեռագիրը պահպանվել է մինչև 1966 թվականը, երբ այն հրատարակվեց գրողի մահվանից 25 տարի անց (ԽՍՀՄ-ի փլուզումից 25 տարի առաջ)։ Մտավորականության մեջ ձեռք է բերել մեծ տարածում՝ ընդհուպ մինչև տարածվելը ձեռքով տպագրված օրինակներով։...
«Դորիան Գրեյի դիմանկարը» բրիտանացի ականավոր դրամատուրգ, բանաստեղծև արձակագիր Օսկար Ուայլդի՝ եվրոպական գրականության մեջ մոդեռնիզմի և դեկադենտական արվեստի նշանավոր ներկայացուցիչներից մեկի հանրահայտ գործն է և նրա միակ հրատարակված վեպը: Ժամանակին վեպը խիստ հակասական կրքեր է բորբոքել գրական շրջանակներում: Քննադատների մի մասը պահանջել է արգելել այն՝ անբարոյական համարելով, իսկ հեղինակին պատժել, մինչդեռ ընթերցասեր հասարակությունը գիրքը հիացմունքով է ընդունել: Քննադատներին ի պատասխան և ի պաշտպանություն իր գործի՝ Ուայլդը վեպի հետագա հրատարակության մեջ ներառել է նախաբան, որը բովանդակությամբ և ոճով ասես արվեստագետի իրավունքների և «արվեստն արվեստի համար» սկզբունքի մանիֆեստ լինի: «Դորիան Գրեյի դիմանկարն» աշխարհի ամենաընթերցվող գրքերից է և էկրանավորվել է ավելի քան 30 անգամ:...
«Ալ տառը», որը գրվել է 1850 թվականին, Նաթանիել Հոթորնի ամենահայտնի ստեղծագործությունն է: Վեպի իրադարձությունները տեղի են ունենում 17-րդ դարում Բոսթոնում և ներկայացնում են Հեսթեր Փրինի պատմությունը, որը դատապարտված է «Ա» տառը կրելուն՝ որպես հանրային պարսավանքի նշան: Այն պատմական սիրավեպ է և պուրիտանական կոշտ բարոյականության ուսումնասիրություն, որը գերիշխում էր Ամերիկայի վաղ գաղութային շրջանում: Գիրքը Goodreads-ում
IV-V դդ. հնդիկ մեծ բանաստեղծ և թատերագիր Կալիդասայի ստեղծագործությունը համաշխարհային գրականության գոհարներից է։ Կալիդասայի թատերգությունների և պոեմների գլխավոր թեման սերն է իր բազմաբնույթ դրսևորումներով։ «Մատանիով ճանաչված Շակունտալան» և «Ամպ-ավետաբերը» Կալիդասայի գլուխգործոցներն են, որոնք թարգմանված են աշխարհի բազմաթիվ լեզուներով և մեծ ազդեցություն են թողել Եվրոպայի հոգևոր մշակույթի վրա։ Ներկա հրատարակությամբ «Մատանիով ճանաչված Շակունտալան» հայ ընթերցողին է ներկայացվում երկրորդ, իսկ «Ամպ-ավետաբերը»՝ երրորդ անգամ։
«Հիպերիոն» վեպը Յոհան Քրիստիան Ֆրիդրիխ Հյոլդեռլինը (1770-1843) մտահղացել է դեռ Տյուբինգենում իր ուսումնառության ժամանակ (1792): 1795 թ. նա իր մտահղացումը փորձել է շարադրել բանաստեղծությամբ, բայց շուտով վերադարձել է արձակին։ Առաջին հատորը լույս է տեսել 1797 թ., երկրորդը՝ 1799 թ.։ Վեպի գործողությունները տեղի են ունենում 18-րդ դարի վերջին, թուրքական տիրապետությունից ազատագրվելու համար հույների մղած պատերազմի ժամանակ, թեև հեղինակը պատմական ճշգրտության չի ձգտել։ Նրա հերոսներն անտիկ անուններ են կրում։ Ազգային և կրոնական ճնշումների դեմ հույների մղած պայքարը վեպում հղում է հեղինակի դարաշրջանի Եվրոպայի լուսավորչական և հումանիստական գաղափարներին։ Կենտրոնական թեմաները հեղինակի հիմնական թեմաներն են. մահը և անմահությունը, գեղեցիկը, Ամբողջը և նրա անտրոհելիութունը, Հզորը...
«Սասունցի Դավիթ» կամ «Սասնա ծռեր» հերոսավեպը վիպական-հերոսական պատմությունն է Սասնա դյուցազնական տոհմի չորս սերնդի և, ըստ այդմ էլ, բաղկացած է չորս հիմնական մասից կամ չորս վիպական ճյուղից: Ճյուղերից յուրաքանչյուրը դյուցազնական մեկ սերնդի պատմություն է՝ ծննդից մինչև մահ: Ճյուղերը միմյանց են հարակցված հոր և որդու հաջորդականության սկզբունքով: Թեպետ յուրաքանչյուր ճյուղ առանձին վերցրած վիպական անկախ ու ամբողջական պատմություն է տվյալ սերնդի մասին, բայց այդ ճյուղերի հարակցումը կատարված է ոչ միայն արտաքնապես, սոսկ սերունդների հաջորդականությամբ, այլև վիպական ներքին տրամաբանությամբ և գեղարվեստական որոշակի պատճառակցությամբ: «Սասնա ծռեր» էպոսը գլխավորապես ձևավորվել է զարգացած միջնադարում՝ արաբական արշավանքների ընթացքում։ Բայց , եթե ուշադիր հետևենք հերոսների և սյուժեի զարգացմանը...
«Կարամազով եղբայրները» ռուս հանճարեղ գրող Ֆյոդոր Դոստոևսկու վերջին վեպն է՝ համաշխարհային գրականության գլուխգործոցներից մեկը: Սա մի կոթողային վեպ-սինթեզ է, որ ամփոփում է Դոստոևսկու բոլոր ստեղծագործական ձգտումները, համադրում այն բոլոր հակասական հարցերը, որոնք նրան հուզել, տանջել են ամբողջ կյանքի ընթացքում: Մարդկային կեցության էական կողմերը քննող այդ հարցերը բորբոքվում են հայրասպանության մեծագույն ոճրի շուրջ ալեկոծվող կրքերի, զգացումների և գաղափարների հորձանուտում: Տպագրվել է մաս-մաս Ռուսական պարբերական ամսագրում։ Դոստոևսկին պատկերացնում էր վեպը որպես «Մեծ մեղավորի պատմությունը» վիպաշարի առաջին մաս, սակայն չի կարողացել ավարտին հասցնել այդ մտահղացումը մահվան պատճառով։ Վիքիպեդիա
«Ավեստա»-ն իրանական ժողովրդի նախաիսլամական կրոնի՝ զրադաշտականության սուրբ գիրքն է, որը ստեղծվել է մ.թ.ա. 1-ին հազարամյակի 1-ին կեսին բանավոր ձևով: Հետագայում այն գրի է առնվել (մ.թ. 3-րդ դարում) հնդեվրոպական սաթեմ ճյուղի մի լեզվով, որը պայմանականորեն անվանվում է Ավեստայի լեզու: Զրադաշտականությունը իր մեջ է ամփոփել իրանական առասպելաբանության, սովորույթների և աշխարհընկալման տարրերը, իսկ այդ կրոնի բարոյական կառույցի հիմնասյուներն են բարի միտքը, բարի խոսքը և բարի արարքը, որոնք էլ դարձել են այդ դավանանքի հիմնական ուղենիշը: Զրադաշտականությունը, լինելով հնդեվրոպական մայր ժողովրդի հավատալիքի ուղղակի ժառանգը, հիմք է նաև այլ հնդեվրոպախոս ժողովուրդների առասպելներն ու սովորույթները ուսումնասիրելու և բացատրելու համար: Ավեստան ամբողջությամբ հայերեն առանձին գրքով լույս է տեսնում...
Ալեսսանդրո Մանձոնիի «Նշանվածները» պատմավեպը իտալական ռոմանտիզմի պսակն է: Գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1825-27-ին, իսկ վերջնական տարբերակը հրատարակվել է 1840-42 թթ.: Սիրո այս ոդիսականը ծավալվում է 17-րդ դարի Լոմբարդիայում: Մանձոնիի և նրա վեպի մեծ երկրպագու Ումբերտո Էկոն գրել է. «Դեպքերն ու կերպարները հորինված են և դրանով հանդերձ այնպիսի բաներ են հաղորդում այդ ժամանակաշրջանի Իտալիայի մասին, որ պատմության գրքերը երբեք էլ նման հստակությամբ չեն փոխանցում մեզ»: «Նշանվածները», ինչպես իրավամբ նկատել է Էկոն, «դուր է գալիս բոլորին՝ ուսյալին թե անուսին, մեծին թե փոքրին, կեղծ բարեպաշտին թե անաստվածին»: Խոսքը ոչ միայն ամենաճանաչված իտալական վեպի մասին է, այլև համաշխարհային գրականության անվիճելի գլուխգործոցի:
«Ճանապարհորդություն Իտալիա». Բոլոր ժամանակների մեծագույն գերմանացի գրող Յոհան Վոլֆգանգ Գյոթեն, որը հայտնի էր նաև որպես անվանի բնախույզ, փիլիսոփա, արվեստի տեսաբան, մեկուկես տարուց ավելի նվիրեց «արվեստների երկիր» Իտալիայով ճանապարհորդությանը, ինչի մասին միշտ երազել էր: Այս ստեղծագործությունը՝ գրական բարձր արժեքի հետ մեկտեղ, աչքի է ընկնում ճարտարապետության, կերպարվեստի, գեղանկարչության, երաժշտական և թատերական արվեստների նուրբ և խոր վերլուծությամբ: Այն հսկայական ազդեցություն ունեցավ Գյոթեի հետագա գրական ստեղծագործության և գիտական ուսումնասիրությունների վրա: Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Իոսիֆ Բրոդսկին Գյոթեի այս գործը ներառել է գրքերի այն ցուցակում, որը պետք է կարդա յուրաքանչյուրը:
Ժողովածուն ընդգրկում է հայ նոր գրականութեան հիմնադիր Խաչատուր Աբովեանի «Վէրք Հայաստանի, Ողբ հայրենասիրի» պատմական վէպը: Վէպի բնագիրը լոյս է տեսնում հեղինակային ուղղագրութեամբ: Հրատարակութիւնն ունի առաջաբաններ, ծանօթագրութիւններ, բառարան, մատենագիտական տեղեկանքներ: «Վէրք Հայաստանի»-ն հայ նշանավոր գրող Խաչատուր Աբովյանի կողմից 1841 թվականին գրված պատմական վեպն է, հայոց ազգային ավետարաններից: Դասվում է այնպիսի հուշարձանների շարքը, ինչպիսիք են Մովսես Խորենացու «Հայոց Պատմությունը» և Նարեկացու «Մատյան ողբերգության»-ը։ «Վէրք Հայաստանի» վեպը բաղկացած է 3 մասից և «Զանգի» հավելվածից։ Առաջին մասը նահապետական հայ գյուղի բարքերի ու կենցաղի նկարագրությունն է։ Վեպի 2-րդ մասը սկսվում է Երևանի բերդի նկարագրությամբ, որը համարվում է բռնության խորհրդանիշ։ Դրան հաջորդում է մահառլամի (իսլամական արարողություն) նկարագրությունը։ Այնտեղ հոգեկան հաճույք...
Իռլանդացի գրող Բրամ (Աբրահամ) Սթոքերի «Դրակուլա» վեպին վիճակված էր դառնալու համաշխարհային գրականության ամենահռչակավոր գործերից մեկը: Վամպիրիզմի դիվային մոլեգնությամբ բռնված կոմս Դրակուլայի ահազդու ոդիսականը, որտեղ յուրովի են միահյուսվել սեքսի, արյան ու մահվան մոտիվները, տարատեսակ մեկնությունների և վերլուծությունների տեղիք է տվել, անհամար գրական ստեղծագործություններ, ֆիլմեր ու ներկայացումներ ծնել: Առաջին անգամ 1897-ին Լոնդոնում լույս տեսած այս բացառիկ գիրքը մինչև օրս էլ մնում է «վամպիրային առասպելի» գլխավոր աղբյուրը:
«Սամվել»-ը հայ գրող Րաֆֆու պատմական վեպերից է։ Րաֆֆին «Սամվել»-ը սկսել է գրել է 1884 թ. և ավարտել է 1886 թ.։ Առաջին անգամ հրատարակվել է Թիֆլիսի «Արձագանք» շաբաթաթերթում։ Առանձին գրքով առաջին անգամ լույս է տեսել 1888 թ.։ «Սամվել»-ը համարվում է հայկական գրականության լավագույն կոթողներից մեկը։ Նկարագրելով Հայաստանի ծանր վիճակը 4-րդ դարում, Րաֆֆին ձգտում էր նկարագրել Հայաստանը 19-րդ դարում, երբ այն գտնվում էր Թուրքիայի և Ռուսաստանի տիրապետության տակ։ Ցարական իշխանությունը այրում էր հայկական գրքերը, փակում եկեղեցիները և ոչնչացնում լեզուն։ Րաֆֆին չէր կարող լուռ նայել այդ ամենին։ «Գրելով այս վեպը ես նպատակ եմ ունեցել այդպիսի նկարագիր մեր պատմական անցյալից»-գրել է Րաֆֆին։ «Սամվել» վեպը ներառված է հայկական ուսումնական ծրագրի մեջ։ Դրա հիմնական գաղափարներից են հայրենասիրությունը և ազատագրական պայքարի կոչը։ Բոլոր հերոսները...
«Աշխարհի նկարագրությունը. Հրաշքների գիրքը» բովանդակում է XIII դարի վենետիկցի ճանապարհորդ Մարկո Պոլոյի Ուղեգրության արևելահայերեն ամբողջական թարգմանությունը՝ կատարված ֆրանսերեն վերջին լավագույն հրատարակությունից: Միջնադարյան եվրոպական գրական այս խոշոր հուշարձանը հայ ընթերցողին առավել մատչելի դարձնելու համար էջատակերին կատարված են անհրաժեշտ ծանոթագրություններ: Գիրքն ունի նաև հռչակավոր այս երկի պատմական և գրական արժանիքները ներկայացնող ամփոփ առաջաբան:
Վիկտոր Հյուգոյի «Մահապարտի վերջին օրը», որը լույս է տեսել 1829 թվականին, քսանյոթամյա բանաստեղծի առաջին վիպագրական փորձն է: Երկը մահվան դատապարտված երիտասարդի ներաշխարհի պայքարն է ընդդեմ մահվան մեքենայի, ընդդեմ չգոյության: Մինչ մոտալուտ մահվան դեմքը դառնում է ավելի ու ավելի առարկայական, շոշափելի, գլխավոր հերոսը շարունակում է համառորեն թղթին հանձնել իր խոհերը…
«Ֆաուստ»-ը (գերմ.՝ Faust. Eine Tragödie) ողբերգություն է, փիլիսոփայական դրամա, որը համարվում է Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի գլխավոր աշխատությունը։ Դրամայի սյուժեի հիմքում ընկած է բժիշկ Ֆաուստի հայտնի լեգենդը։ Ողբերգությունը սկսվում է ընդհանուր սյուժեի հետ կապ չունեցող թատրոնի տնօրենի և պոետի բանավեճով, որտեղ հերոսները քննարկուն են, թե ինչպես պետք է գրել պիես։ Բանավեճի ժամանակ տնօրենը պոետին պատճառաբանում է, որ հանդիսատեսը կոպիտ է, անտաշ և չունի սեփական կարծիքը։ Նա նախընտրում է քննադատել ստեղծագործությունը ուրիշի խոսքից ելնելով։ Եվ, առհասարակ, նրան ոչ միշտ է հետաքրքրում արվեստը. ոմանք գալիս են ներկայացումներին միայն նրա համար, որ ցուցադրեն իրենց հանդերձները։ Այդ իսկ պատճառով փորձել ստեղծել հանճարեղ երկեր, անիմաստ...
Գիրքը բովանդակում է Շոթա Ռուսթավելու «Վագրենավորը» հերոսական ասքի առաջին հայերեն ամբողջական թարգմանությունը: Կատարել է Գևորգ Մուրադյանը 1927-1930 թթ.: Լույս է տեսնում առաջին անգամ` էականորեն խմբագրված: Հատորն ունի ընդարձակ առաջաբան, որտեղ ներկայացված են թարգմանչի կյանքը և գործը, ինչպես նաև «Վագրենավորի» թարգմանությանն առնչվող խնդիրներ: Վերջում զետեղված են բնագրագիտական և բացատրական բնույթի ծանոթագրություններ:
Վերնագիրը եղել է «Կատակերգություն»։ Աստվածային մակդիրն ավելացրել են հետո։ Դրանով նկատի չեն ունեցել, որ պոեմի գործողությունը կատարվում է երկնային ոլորտում, այլ արտահայտել են գեղարվեստական վեհությունը՝ աստվածային գործ։ Ժամանակակից ըմբռնումներից ելնելով «Աստվածային կատակերգությունը» նման չէ ժամանակակից կատակերգության։ Այն անվանել են այլ ըմբռնումներից ելնելով։ 14 դարում իտալական ամբողջ գրականությունը բաժանված էր երկու հստակ մասերից։ Ողբերգությունը համարվում էր բարձր աստիճանի գրականություն, որն այն ժամանակ գրվում էր «գրական» իտալերենով, իսկ կատակերգությունը վերաբերում էր «ցածր»դասի գրականությանը, որը գրվում էր խոսակցական լեզվով, որպեսզի հասարակ ժողովրդի համար հասկանալի լիներ։ Վիքիպեդիա Գրքում ամբողջությամբ պահպանված են Դանտեի տաղաչափական բոլոր առանձնահատկությունները, չափը և հանգավորման սխեմաները` եռատողերի շղթայական հանգավորումը: