«Վասիլ Մեծ, հայ կայսր Բյուզանդիայի կամ Կճուճների թագավորը» վեպը նվիրված Է բյուզանդական ամենանշանավոր կայսրերից մեկի՝ հայկական արքայական դինաստիայի հիմնադիր Վասիլ Առաջին, Երանելի հորջորջված կայսեր բուռն արկածներով հարուստ կենսագրությանը, նրա անհավատալի վերելքին՝ հասարակ շինականից մինչն կայսրության գահը, և նրա սիրուհի, ապա կին ու կրկին սիրուհի՝ կայսրուհի Եվդոկիա Ինգերի փոթորկուն կյանքին:
Թեպետ «Արա Գեղեցիկ և Շամիրամ» վիպասքը հեղինակն անվանել է սիրավեպ, սակայն այն հավասարապես դիտարկելի է նաև պատմավեպի ժանրային տիրույթում: Գրականագիտության մեջ այս վեպի առիթով կիրառվել է «դիցաբանական սիրավեպ» ժանրային բնորոշումը: Ըստ էության, այս վեպում Զորայր Խալափյանը մի կողմից՝ ընդարձակում է մեզ հայտնի առասպելի այսպես կոչված՝ սյուժետային սահմանները՝ փորձելով ստեղծել նոր ու ճշմարտանման առասպել, մյուս կողմից՝ վեպի բազմաթիվ կերպարներ ու իրադարձություններ հավաստի են՝ այդ կերպ առասպելի ստեղծումը վերածելով նաև պատմության գեղարվեստականացման:
«Գևորգ Մարզպետունի» պատմավեպի նյութը Հայոց պատմության X դարակեսի իրադարձություններն են: Մի ժամանակաշրջան, երբ հերոսականն ու դրամատիկն էր իշխում ամենուր, մի ժամանակաշրջան, որ հատկանշվեց նաև անհատականությունների ընդգծված ներկայությամբ, մի ժամանակաշրջան, երբ թռիչքներն ու անկումները, հերոսականությունն ու անձնական թուլությունները չափազանց զուգորդված էին: «Գևորգ Մարզպետունի» պատմավեպի գեղարվեստական ուժն ու արժեքը հենց այս երևույթների, և, ընդհանրապես, դարաշրջանի պատմական ու հոգեբանական ճշմարիտ ընկալման մեջ է: Նախքան գիրքը գրելը Մուրացանը քրտնաջան ուսումնասիրել է վեպում ներկայացված ժամանակաշրջանին վերաբերող հիմնական պատմական աղբյուրները։ Հեղինակի նպատակն էր վեպը հնարավորինս հիմնել իրական պատմական փաստերի վրա։ Միաժամանակ Մուրացանը ցանկանում էր ընթերցողին փոխանցել «իր մտքերը, բարոյականությունը, համոզմունքները և կարծիքը»։ Արդյունքում Մուրացանին հաջողվում է...
Րաֆֆու «Դավիթ Բեկ» պատմավեպն արտացոլում է 18-րդ դարի սկզբին Սյունիքում ձևավորված ազատագրական շարժումը: Հանձին Դավիթ Բեկի և նրա գլխավորած շարժման՝ Րաֆֆին գեղարվեստականացնում և կարևորում է ազգային անկախ պետականության գաղափարը: Վիքիպեդիա, Goodreads
«Գողացված ձյունը» դրամատիկական վեպը պատմում է V դարում հայերի և պարսիկների միջև տիրող հարաբերությունների, մասնավորապես Ակոռիի ճակատամարտի մասին: Գրական այս ստեղծագործությունն աչքի է ընկնում թե՛ ժանրային առանձնահատկությամբ, թե՛ հոգեբանական նուրբ դիտարկումներով, թե՛ արդիական հնչեղությամբ: Ղազար Փարպեցուն ապավինելով վեր է հանված մեր փոքրաթիվ ազգի մեծ երազանքները, բարոյական «հաղթանակների» գաղտնիքները, Աստծո կողմից հայ ժողովրդի հոգևոր պաշտպանվածությունը:
«Կաթնծիրից անդին» հոգևոր պատմավեպը նվիրված է IX դարի դեպքերին, մասնավորապես՝ Բագրատունյաց թագավորության հաստատմանը, Սևանի անապատի Սուրբ Առաքելոց և Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցիների կառուցմանը, Մաշտոց Եղիվարդեցի, Զաքարիա Ձագեցի և Գևորգ Գառնեցի կաթողիկոսների գործունեությանը:
Վարդան Գրիգորյանի «Դար կորստյան» պատմավեպն առաջին անգամ լույս է տեսել 1985 թվականին: Այն 11-րդ դարի պատմական բեկումնային շրջանի՝ Անիի հայոց թագավորության կործանման գեղարվեստական քննությունն է՝ Գայլ Արշավիրի փառահեղորեն կերտված կերպարի հոգեբանական, գաղափարական ուղղորդմամբ:
«Մանյա Այրք» պատմավեպը (1988) տաղանդավոր պատմավիպասան Վարդան Գրիգորյանի կարապի երգը դարձավ: Հայոց պատմության բախտորոշ շրջաններից մեկի՝ քրիստոնեության ընդունման ժամանակաշրջանի վերաբերյալ առասպելների, սրբերի վկայությունների ու վարքերի տեսքով պահպանված սուղ նյութի հիման վրա, գրողը փորձել է ստեղծել ժամանակի իրական պատկերը:
«Հավերժական վերադարձը» տաղանդավոր արձակագիր Վարդան Գրիգորյանի առաջին պատմավեպն է՝ լույս տեսած 1981-ին: Պատմավեպի դիպաշարի առանցքում հայոց պատմության VII դարի գուցե ոչ այնքան գլխավոր, որքան պատմական արժեքով նշանակալից ու բախտորոշ իրադարձություններն են՝ պավլիկյան շարժում, բյուզանդացիների հակազդեցություն: Գրականագետ Սևակ Արզումանյանի բնորոշմամբ՝ «պատմության խորը ճանաչողությամբ Վարդան Գրիգորյանը բացում է անցյալի ծալքերը, իրողությունները մաքրում կրոնական ու պատմական կաղապարներից, քննում ճշմարտության և ազատության հավերժական գաղափարների տեսանկյունից»:
Պերճ Զեյթունցյանի «Արշակ Երկրորդ» պատմավեպը ժանրի ամենաինքնատիպ և նորարարական դրսևորումներից է հայ գրականության մեջ: Գրողի պատմահայեցողության թիրախում 4-րդ դարի դեպքերն են, Արշակ Երկրորդ թագավորի տիրապետության շրջանը, երբ վճռվում էր հայկական ամուր պետականությունը պահպանելու կենսական հարցը: