1912թ. լույս տեսած «Կորուսյալ աշխարհ» գիտաֆանտաստիկ վեպը պրոֆեսոր Չելենջերի արկածների մասին պատմող մի քանի գրքերից առաջինն է: Իրադարձությունները տեղի են ունենում Հարավային Ամերիկայում՝ Ամազոնի խորհրդավոր ջունգլիներում, որոնք իրենց մեջ թաքցնում են մի անհայտ ու զարմանահրաշ աշխարհ: Արշավախմբի անհավանական արկածները համեմված են կոլորիտային կերպարներով և անգլիական նուրբ ու հեգնական հումորով:
«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը պատանիների համար նախատեսված գրականության հերթական գիրքն է հրատարակել: Այս անգամ ընթերցման է ներկայացվում Արմենուհի Սիսյանի «Ծաղկող արահետներ» պատմվածքների ժողովածուն: «Ծաղկող արահետները» հեղինակի 4-րդ գիրքն է: Այստեղ տեղ են գտել 16 պատմվածքներ և կարճ ստեղծագործություններ, որոնք պատանի ընթերցողին կմղեն խորհրդածելու, երազելու և տխրելու, հիանալու և թախծելու, կօգնեն պատուհան բացելու դեպի իր անձնական աշխարհը, իր տիեզերք-հոգին:
«Իմ թռչունը», որ հեղինակի առաջին վեպն է, տպագրվել է 2002 թվականին և միանգամից արժանացել իրանական ու միջազգային մի շարք մրցանակների։ Այն 2009 թվականին թարգմանվել է անգլերեն, 2010-ին՝ իտալերեն, 2012-ին՝ գերմաներեն և 2016-ին՝ թուրքերեն։ Վերնագրում հիշատակվող թռչունը հերոսուհու ուղեցույց աստղն է․ նա պետք է պայքարի ու հաղթահարի իր վախերն ու տագնապները, ազատվի իր շրջապատի «ստվերներից ու ոգիներից», որպեսզի աշխարհը դարձնի այնպիսին, ինչպիսին ինքն է ցանկանում։ Հայերեն հրատարակվում է առաջին անգամ։
Քվենթին Ջեյքոբսենը ամբողջ կյանքում հեռվից սիրել է սքանչելի, արկածասեր Մարգո Ռոթ Սպիգլմենին: Ու երբ աղջիկը, նինջայի հագուստով, բացում է նրա պատուհանը ու հետո մագլցում նրա կյանք՝ հրավիրելով մի հետաքրքիր ու արտասովոր վրեժի արշավի, նա համաձայնում է: Արթուն գիշերվան հաջորդում է նոր օրը, և Քյուն գնում է դպրոց ու հայտնաբերում, որ մշտապես հանելուկ Մարգոն հիմա արդեն առեղծված է դարձել: Բայց Քյուն շուտով պարզում է, որ նա հուշումներ է թողել… հենց իր՝ Քյուի համար: Առաջնորդվելով կցկտուր ուղենիշներով՝ որքան մոտենում, այնքան ավելի է հեռանում աղջկանից, որին կարծում էր, թե ճանաչում է: #1 բեսթսելլերների հեղինակ և «Փրինց» մրցանակակիր Ջոն Գրինի փայլուն ու սուր միտքը,...
Իրանցի ժամանակակից արձակագիր Ֆարհադ Հասանզադեն տասնյակից ավելի մանկապատանեկան վեպերի և պատմվածքների ժողովածուների հեղինակ է: «Զիբա՛, կանչիր ինձ» վեպը իրանական արդի արձակի ամենաուշագրավ երևույթներից է: Թարգմանվել է բազմաթիվ լեզուներով: Հեղինակը հայերեն տպագրվում է առաջին անգամ: Վեպի սկզբի էջերից մինչև վերջնամաս, ընթերցողը դեռատի աղջկա հետ ընկերացած «մասնակցում է» արտասովոր և անավարտ մի ճամփորդության, որ իր վիճակի փոփոխության համար նախատեսել էր հոգեբուժարանում գտնվող հայրիկը՝ փախուստի դիմելով: Համոզված, որ աղջկա մեկօրյա երջանկությունը իր համար ավելի քան նվիրական է՝ պարտադիր հայրական հոգածություն, ինչից համատեղ ապրելու տարիներին նա անմասն է մնացել՝ ընտանեկան խառնափնթոր պայմաններում:
Չնայած ուռուցքները փոքրացնող բժշկական հրաշքին, որը Հեյզելին ապրելու ևս մի քանի տարի է պարգևել, նա, միևնույն է, անբուժելի հիվանդ է՝ քաղցկեղի վերջին փուլում, ում կյանքի վերջին գլուխը գրվել է հենց ախտորոշման պահից: Սակայն, երբ Օգոստոս Ուոթերս անունով շրջադարձային պայծառ կերպարը հանկարծակի հայտվում է «Քաղցկեղով հիվանդ երեխաների աջակցության խմբակում», Հեյզելի համար կյանքի նոր էջ է բացվում: ԽՈՐԱԹԱՓԱՆՑ, ՀԱՄԱՐՁԱԿ, ՀԱՆԴՈՒԳՆ և ՍՈՒՐ «Աստղերն են մեղավոր» գիրքը մրցանակակիր գրող Ջոն Գրինի դեռևս ամենահավակնոտ և սրտաճմլիկ ստեղծագործությունն է, որ փառահեղ կերպով ուսումնասիրում է ողջ և սիրահարված լինելու զվարճալի, հուզիչ և ողբերգական գործընթացը:
Ընթերցողին ներկայացվող ժամանակակից հայ գրողների պատմվածքների ժողովածուն նպատակ ունի լրացնել այն բացը, որ առաջացել է անկախության քսան տարիներին հասարակական կյանքի արագ փոփոխությունների հետևանքով: Հանրային և մասնավոր հեռուստաալիքները, ազգային և օտարերկրյա սերիալները, միանգամից հախուռն կերպով կենցաղ ներխուժած արևմտյան բարքերը, համակարգիչը դպրոցահասակ երեխաների և երիտասարդության մեջ ներարկում են բացասական մտածողություն, ձևավորում հակաազգային, հակամարդկային հատկանիշներ: Դրանց հակազդելու համար ընտրված են գրողների այն գործերը, որոնց մեջ կարևորվում են սերը հայրենիքի, մարդու և բնության հանդեպ, գեղեցիկը, բարությունը, ազնվությունը, պատասխանատվության զգացողությունը, վեհանձնությունը և մարդկային այլ դրական գծեր: Գիրքը նախատեսված է բարձր դասարանների աշակերտների և նոր կյանք մտնող երիտասարդների համար:
16-ամյա Ազան երբևէ չէր հետամտել քննելու անհայտ կորած միլիարդատեր Ռասել Փիքեթի առեղծվածը, սակայն հարյուր հազար դոլարը գայթակղիչ է, իսկ նրա լավագույն և ամենաանվախ ընկերուհին՝ Դեյզին, ցանկանում է անպայման այդ հետաքննությունն անել: Այսպիսով, երկուսով դուրս են գալիս Ռասել Փիքեթի որդու՝ Դեյվիսի հետքի վրա: Ազան փորձում է լինել լավ դուստր, լավ ընկեր, լավ ուսանող և գուցե անգամ լավ դետեկտիվ՝ այդ ընթացքում պարփակված լինելով իր սեփական մտքերի, հոգեբանական խնդիրների սեղմող հորձանուտում: «Ալյասկայի որոնումներում» և «Աստղերն են մեղավոր» գրքերի հեղինակ, մրցանակակիր գրող Ջոն Գրինը այժմ կիսվում է Ազայի պատմությամբ, որը սիրո, դիմացկունության և հարատև ընկերության ուժի մասին մի հիասքանչ նովել է:
Ջոն Գրինի այս ստեղծագործությունը բազմաթիվ մրցանակների արժանացած դեբյուտ է, որը հիանալիորեն նկարագրում է այն սքանչելի ու ցավոտ երջանկությունը, որ բխում է կյանքից ու սիրուց: Այս սուր, զավեշտալի ու սրտաճմլիկ վեպը հավերժ կմնա ձեզ հետ: Տասնվեցամյա Մայլս Հոլթերը հետաքրքրվում է հայտնի մարդկանց վերջին խոսքերով: Հետևելով ֆրանսիացի գրող Ֆրանսուա Ռաբլեի՝ մահվանից առաջ հնչեցրած արտահայտությանը՝ նա թողնում է ծնողների հետ իր ձանձրալի կյանքն ու «Մեծ եթե»-ի որոնումներում ուղևորվում Քալվեր Քրիք դպրոց: Այստեղ նա գտնում է իր առաջին ընկերներին ու սիրահարվում Ալյասկա անունով մի աղջկա, որը տակնուվրա է անում տղայի կյանքը, իսկ հետո՝ անհետանում: Ողբերգական իրադարձությունները ստիպում են Մայլսին խորասուզվել կյանքի ու մահվան մասին...